Իտալիայի նախագահը հրաժարական է տվել

14:01 • 14.01.15

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն չորեքշաբթի հրաժարական է տվել, հաղորդում է ТАСС-ը:

 

Իր մոտալուտ հրաժարականի անխուսափելիության մասին Նապոլիտանոն հայտարարել էր դեռևս դեկտեմբերի 18-ին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ սուրբծննդյան շնորհավորանքներով ավանդական փոխանակման ընթացքում:

 

89-ամյա Ջորջո Նապոլիտանոն ընտրվել էր երկրորդ 7-ամյա ժամկետով 2013 թվականի ապրիլին: 

 

Վաղաժամ հրաժարականը եղել է 2013 թվականի ապրիլին նրա վերընտրման պայմանը։ Այդ ժամանակ իտալական քաղաքականությունը եղել է խորը ճգնաժամի մեջ, իսկ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության հասնել նախագահի թեկնածուի հարցում: