Ընկերներն ու ծանոթները՝ Գյումրիում սպանդ իրականացրած Վալերի Պերմյակովի մասին
Комсомольская правда պարբերականն անդրադարձել է Գյումրիում աղմկահարույց սպանություն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին՝ կարծիքներ ներկայացնելով նրան ճանաչող մարդկանցից։
Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում սպանել է միևնույն ընտանիքի 6 անդամի։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել մինչև 1 տարեկան փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն, սակայն Ավետիսյանների տանը եղած ոսկեղենին, որն, ի դեպ, երևացող տեղ է եղել, նա ձեռք չի տվել:
ՌԴ Զաբայկալե մարզի Բալեյսկու շրջանի և Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի պետ Ալեքսանդր Լոգինովսկու խոսքով՝ Պերմյակովը ծառայության է անցել 2014-ի մայիսի 20-ին։ Նա պատմել է, որ տղան մեծացել է բազմանդամ ընտանիքում, ունի եղբայր և 4 քույր։ Բոլոր բնութագրերը եղել են դրական։ Առողջական վիճակը նույնպես լավ է եղել, ոչ մի հոգեկան շեղում չի ունեցել բանակ զորակոչվելու պահին։
Պերմյակովի անգլերենի ուսուցչուհի Գալինա Տալոկնովան իր նախկին աշակերտին համարում է շատ հետաքրքրասեր երիտասարդ։ Նա պատմել է, թե ինչպես են իրենք քրոջ հետ անգլերեն պարապել և մեծ հաճույքով նամակագրություն վարել ԱՄՆ-ի հարազատների հետ։
«Քույր ու եղբայր շատ էին հպարտանում այդ բարեկամությամբ և դասերին բերում էին արտասահմանյան բարեկամների նամակները և բացիկները»,- պատմել է ուսուցչուհին։
«Ես գիտեմ, որ Վալերայի հայրը, ով այժմ շոկի մեջ է, արդեն զանգահարել է Հայաստան և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին»,- ասել է զինվորականի համադասարանցին։
Ավելի վաղ «МК»-ի հետ զրույցում նրա ծառայակիցները պատմել են, որ Պերմյակովը մեկ անգամ չէ, որ փախուստի փորձ է կատարել: Նա ավելի վաղ փախել է զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել:
Ի դեպ, մինչև զորակոչվելը նա իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ նրա եղբայրն ազատազրկված է եղել սպանության համար:










