Մոտ 4 մլրդ դոլար. Ավակովը բացահայտել է կալանքի տակ դրված Յանուկովիչի ակտիվների գումարը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում կոչ է արել Գերագույն ռադային ընդունել Գլխավոր դատախազության և Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան հեռակա կարգով դատել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա կալանքի տակ եղած ակտիվներն ուղղել երկրի բյուջե, հաղորդում է lenta.ru-ն:
«Ուկրաինային պետք է դատարանի շուտափույթ վճիռը, որով այդ փողերը կուղղվեն երկրի բյուջե»,- գրել է նախարարը:
Նրա խոսքով՝ Յանուկովիչի՝ կալանքի տակ հայտնված ակտիվները (ընթացիկ հաշիվներին եղած գումարները և արժեթղթերը) արտասահմանում կազմում են 2 միլիարդ դոլար, Ուկրաինայում՝ 1,8 միլիարդ դոլար և 6 միլիարդ գրիվնա (430 միլիոն դոլար): Այդ գումարները, նշել է Ավակովը, գերազանցում են Ուկրաինայի պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների և Ազգային գվարդիայի ընդհանուր տարեկան բյուջեն:










