Բանակցություններ են ընթանում հայ ռազմագերուն այցելելու համար. Զառա Ամատունի
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը, թե դեկտեմբերի 27-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանը ցանկանում է, որ իրեն տեղափոխեն երրորդ երկիր, ասաց, թե այս պահին ընթանում են բանակցությունները, որպեսզի իրենք կարողանան այցելել Արսեն Բաղդասարյանին:
«Ինչ վերաբերում է տարբեր հայտարարություններին, որոնք տեղ են գտնում մամուլում, ապա դրանց հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Մենք ինքներս պետք է այցելենք, և ըստ դրա էլ կարողանանք ինչ-որ բան տեղեկացնել»,- ասաց Զառա Ամատունին՝ նշելով, թե ստացել են տեղեկություն այն մասին, որ Արսեն Բաղդասարյանն այս պահին Ադրբեջանում է:
Հիշեցնենք, որ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Սկզբում Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր՝ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի արդյունքում էլ գերեվարվել է Արսեն Էդուարդի Բաղդասարյանը: Սակայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այդ լուրը` տեղեկացնելով, որ տվյալ անձը, լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:










