Առաջարկ՝ ավելի գրագետ դարձնել զինանշանը
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ պետական խորհրդանիշներն իրենց մեջ որոշակի թերություններ են պարունակում՝ մասնավորապես զինանշանը:
Նա նշեց, որ հայկական դրոշի գույների հստակեցման խնդիր ևս եղել է, որը լուծվել է 2012 թվականին և հիմա անհրաժեշտ է, որ զինանշանում շտկումներ արվեն:
Բանախոսը հայտնեց, որ պետական կայքերի վրա ևս սխալ զինանշան էր ներկայացված, ինչն իրենց աշխատանքի շնորհիվ փոխվեց:
«Այստեղ պետությունը բավականի մեծ անելիք ունի անելու, որ իրավիճակը շտկի»,-ասաց նա և նշեց, որ դրա համար մեծ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի։
Սարգսյանն ընդգծեց, որ իրենք առաջարկում են ավելի գրագետ դարձնել զինանշանը, այնինչ պետական մարմինների կողմից գործնական քայլեր խորհրդի ձևավորման առումով չեն երևում:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ներկայացրեց զինանշանի իր առաջարկած տարբերակը՝ հիմք ընդունելով օրենքը: Նա նշեց, որ զինանշանում սկզբնական տարբերակից հետո որոշակ փոփոխություններ են արվել և տարածվել, ինչը նա պատահական չի համարում:
«Այլ երկրներում քրեորեն հետապնդելի կլիներ զինանշանի խեղաթյուրումը, իսկ Հայաստանում ներկայացված է երեքից չորս տեսակ զինանշան»,-ասաց նա և նշեց, որ պատկան մարմինները ևս մտահոգ են և կարծում է, որ շուտով կարձագանքեն:
Նշենք, որ Կարեն Ադամյանի ներկայացրած տարբերակը վերաբերում է հայկական չորս թագավորություններին (Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ և Ռուբինյաններ): Նա նաև նշեց, որ ներկայիս զինանշանում առյուծի բերանը փակ է, թրի սայրը չի երևում, և այդ ամենը ևս պետք է շտկվի:
Նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանն ասաց, որ խորհրդանիշներն ունենում են մեծ ազդեցություն ամբողջ ազգի հոգեբանության վրա:
«Շատ կարևոր է, որ զինանշանը ազատենք էլեմենտների ներկայացման բացասական ազդեցությունից»,-ասաց նա:










