Դեղերը սպառողին պետք է հասնեն մատչելի գնով. առողջապահության նախարար

17:17 • 23.02.15

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև  օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։


Արմեն Մուրադյանը նշել է, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են:


Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկել է  ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված, ինչպես նաև չներառված թանկարժեք դեղերի գների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա դեղագործական ընկերությունների համար հայաստանյան շուկան ևս  հետաքրքրություն ներկայացնի:

 

«Անվտանգ և որակյալ դեղերը  մեր բնակչության համար  պետք  է լինեն նաև մատչելի: Պետք է ստեղծենք  բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը:

Հաշվի առնելով, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է, Արմեն Մուրադյանը մեկ անգամ ևս  շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է: