Եվրոպական ներդրումային բանկն Ուկրաինային այս տարի 1 մլրդ եվրո կտրամադրի
Եվրոպական ներդրումային բանկն Ուկրաինային 2015 թվականին ընդհանուր 1 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի: Այդ մասին երկուշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի ղեկավար Վերներ Հոյերը, գրում է korrespondent.net-ը:
«Անցած տարի Եվրոպական խորհրդի խնդրանքով Եվրոպական ներդրումային բանկը պարտավորություն է ստանձնել կրկնապատկել Ուկրաինայում (2014-2016 թվականներին) նախագծերի վարկավորման եռամյա ծրագիրը՝ այն հասցնելով մինչև 3 միլիարդ եվրոյի, ընդգծել է Հոյերը:
«Մենք կատարել ենք այդ պարտավորությունը՝ Ուկրաինային 2014 թվականին տրամադրելով 1 միլիարդ եվրո: Ընթացիկ տարում մենք կրկին Ուկրաինային կտրամադրենք 1 միլիարդ եվրոյի վարկ».- հավելել է նա:
Այդ գումարները 2014 թվականին համաձայնեցված բանկի եռամյա ներդրումային ծրագրի մասն են կազմում:
Ինչպես հիշեցնում է korresponent.net-ը, Եվրոպայի ներդրումային բանկում Ուկրաինային մեկ միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվել է 2014 թվականի դեկտեմբերին:










