Իսլամական ծայրահեղականության մեջ կասկածվող 40 ֆրանսիացու թույլ չեն տա լքել երկիրը

18:03 • 23.02.15

Մոտ 40 ֆրանսիացի կզրկվեն երկիրը լքելու իրավունքից՝ Իրաքում և Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին միանալու իրենց ենթադրյալ պլանների առնչությամբ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը, գրում է interfax.ru-ն:

«Այժմ արդեն ստորագրվել է երկրից դուրս գալու վեց արգելք, և մոտ 40-ը գտնվում են պատրաստման փուլում»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ երկուշաբթի օրը Ֆրանսիայում առգրավվել էին Սիրիա մեկնել պատրաստվող վեց քաղաքացիների անձնագրերը: Նրանց կասկածում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին միանալու մտադրության մեջ:

Ֆրանսիայում նման միջոց առաջին անգամ է ձեռնարկվում: Պոտենցյալ ահաբեկիչներից անձնագրեր առգրավելու հնարավորությունը նախատեսվում է հակաահաբեկչական միջոցների խստացման մասին նոր օրենքով, որը հավանության է արժանացել երկրում անցած տարվա նոյեմբերին: