ՌԴ Հարավային ռազմական շրջանից հերքել են Գյումրու ռազմաբազայի զինծառայողի կորելու տեղեկությունը
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին տեղեկությունը, հաղորդում է interfax.ru-ն:
«Այժմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման կետերում: Զինծառայողների հետ անցկացվում են միջոցառումներ՝ համաձայն օրվա պլանի»,- երկուշաբթի intefax.ru գործակալությանը հայտնել է զորքերի հրամանատարի օգնական, Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը:
Ավելի վաղ interfax.ru-ն՝ վկայակոչելով Հայաստանի ոստիկանությանը, հայտնել էր, որ Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը հետախուզվում է հանրապետության կողմից:










