ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային մեղադրել են սեռական ոտնձգության համար
Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննություն է վարում IPCC-ի՝ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նախագահի գործով: The Guardian-ի տվյալներով՝ խմբի նախագահ Ռաջենդր Պաչաուրիին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար:
Կառույցի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Պաչաուրին համագործակցում է իրավապահների հետ և փորձում աջակցել նրանց: Այդ պատճառով նա չի կարողանա ներկա լինել խմբի՝ Քենիայում նախատեսված նիստին:
74-ամյա փորձագետը մեղադրվում է իր գլխավորած Էներգիայի ինստիտուտի 29-ամյա կին պրակտիկանտի հանդեպ սեռական ոտնձգություն թույլ տալու համար: Տիկնոջ փաստաբանները պնդում են, որ Պաչաուրին նրան «կպչուն»` սեռական բնույթի էլեկտրոնային նամակներ է ուղարկել: Պաչաուրին հերքում է այս մեղադրանքները, պնդում, որ իր համակարգիչը «կոտրել են» և նման վարկաբեկող նյութեր ուղարկել՝ իրեն վարկաբեկելու նպատակով:
Պաչաուրին IPCC-ն ղեկավարում է 2002-ից, համարվում կլիմայի փոփոխության հարցերով հեղինակավոր մասնագետներից մեկը:










