Թուրքիան «Իսլամական պետության» հետ կապերի համար կասկածվող 1.400 մարդու է արտաքսել երկրից
Թուրքիան միայնակ չի կարողանա խոչընդոտել օտարերկրյա գրոհայիններին համալրել «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է ТАСС-ը:
«Այս պահի դրությամբ մենք արտաքսել ենք 1,4 հազար մարդու, ովքեր համարվում են օտարերկրյա վարձկաններ: Բայց միայնակ մենք չենք կարող լուծել այդ խնդիրը: Մենք տեսել ենք, թե ինչ բարբարոսական է ԻՊ-ի ահաբեկչական գործունեությունը, և ցավոք, շարունակում ենք դա տեսնել»,- ասել է նա:
Քալընի կարծիքով՝ «Բաշար ալ Ասադի բանակն օգտագործում է ԻՊ-ին «Սիրիական ազատ բանակի» դեմ»: «Եթե Ասադի բանակն ամեն օր ռմբակոծում է «Սիրիական ազատ բանակը», ապա ինչո՞ւ չի դիպչում ԻՊ-ին»,- նշել է նա:










