«Չորս սերնդի պահանջը». նախագիծ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

12:55 • 24.02.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է «Չորս սերնդի պահանջը» նախագիծը՝ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ. այս մասին հայտարարվեց «Չորս սերնդի պահանջը» խորագրով ասուլիսին, որը սկսվեց «Հայ մեր»-ով:


«Ցանկացած հայ, հայորդի, որը մի փոքրիկ հայրենասիրություն ունի իր մեջ, իսկ Ցեղասպանությունը բոլորիս ընտանիքների միջով է անցել, սա նաև ես համարում եմ և՛ որպես պատվի հարց, հայ մարդու, հայ երիտասարդի, և հույս ունեմ, որ հաջողություն կունենա»,- ներկայացրեց  Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների ներկայացրած ծրագիրը փոխանցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ տեր Նավասար սրբազանին և ստացել նրա օրհնությունը:


Յուրաքանչյուր ամսվա 24-ին նրանք որևէ թեմատիկ միջոցառում են իրականացնում:


«Ազգային առաջնորդության ինստիտուտի ֆիլմեր» հասարակական կազմակերպության  ծրագրերի պատասխանատու Նինա Խաչատրյանը նշեց, որ 4 հոլովակ է նկարահանվել՝ 4 սերնդի ներկայացուցիչների հավաքական կերպարները մարմնավորող անձանցով, ովքեր իրենց պահանջը կներկայացնեն աշխարհին և «հատկապես Թուրքիային՝ դատապարտելու, ճանաչելու և հատուցելու»:


Իսկ 4 սերունդը ընտրված է այն հաշվարկով, որ միասին կազմում են մեկ դար՝ 100 տարի, բացի այդ, 4 թիվը խորհրդանշական է՝ մի կողմից ներկայացնում է խաչի 4 թևերը, աշխարհի 4 ծագերը:


Այլ խոսքով, որ աշխարհի 4 ծագերում հայ մարդիկ հիշում են և պահանջում: