Խնդիրը չնկատելը կամ չնկատելու տալն իրավիճակը չի լավացնում. Արամ Մանուկյան
Վիճակը վիճակ չէ, մեզանից ուզում եք լուծումներ, իհարկե լուծումներ կան, բայց եթե չեք գտնում, որ վիճակը վատ է, ինչպե՞ս լուծում տանք. ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից մեծամասնությանը դիմելով ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
«Խնդիրը չնկատելը կամ չնկատելու տալն իրավիճակը չի լավացնում»,- նշեց նա և հավելեց , թե ռեալության հետ հաշվի նստել է պետք, դրա մեջ է իշխանության նկատմամբ վստահությունը:
«Փաստերով խոսելն ամենաուժեղ գործիքն է քաղաքականությնա մեջ»,- ասաց նա և նշեց, որ 100 հատ փաստ է ներկայացրել, բայց այդպես էլ հակափաստ չի ստացել:
Նա ընդգծեց, որ 100-ից մեկում դրական կա, որի մասին իրենք խոսում են, ինչպես օրինակ այն, որ առաջընթաց կա քաղաքացիական հասարակությունում:
Արամ Մանուկյանը փաստերից խոսելով՝ ներկայացրեց Հարավային Կովկասում տեղի ունեցած հարցախույզի արդյունքները. այն հարցին, թե որն է երկրում ներկա պահին թիվ մեկ խնդիրը, հարցված հայաստանցիներն առանձնացրել են գործազրկությունը՝ 45% և արտագաղթը՝ 80%: Հարցին, թե ճիշտ ուղղությամբ է արդյոք զարգանում Հայաստանը, հարցվածների միայն 9 %-ն է դրական պատասխանել, Հայաստանը դեմոկրատական է համարել միայն 3%-ը:
Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ նորաստեղծ հակակոռուպցիոն հանձնաժողովին և հարցրեց, թե որքան տրամաբանական է, որ դրա հանձնաժողովում ընդգրկված է այնպիսի պաշտոն զբաղեցնող մարդ, ում վերահսկողության տակ է գտնվում հարկային դաշտն ու պետական բյուջեն:
Վերջին կարևոր խնդիրն, ըստ Մանուկյանի, ազատ մարդու գոյությունն է, որին իշխանությունն իր քաղաքականությամբ փորձում է սահմանափակել:










