Դիվերսանտներին վերադարձնելու ԱՄՆ կոչին հայկական կողմը պետք է պատասխանի պաշտոնապես. Լ. Ալավերդյան

13:59 • 24.02.15

Այսօր, երբ Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են Ռուսաստանի հետ, միակ օղակը, որտեղ մնում է համագործակցությունը տիեզերքն է և Արցախը: 


Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության` հայկական կողմին ուղղված կոչին` «ադրբեջանցի գերիներին» Ադրբեջանի կառավարությանը վերադարձնելու վերաբերյալ:

 

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն չի հրաժարվում պարիտետային մոտեցումներից։ «ԱՄՆ-ն իրեն պահում է ճիշտ այն ձևաչափի մեջ, որն իրեն հուշում են Մադրիդյան սկզբունքները»,-ասաց նա:


Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ անկախ քննադատությունից, Մինսկի խումբը, միևնույն է, մնում է հստակ գործոն, որը թույլ չի տալիս մեծածավալ պատերազմ և ի պատասխան դրան էլ իրականացվում են դիվերսիաներ:


Նա կարծում է, որ հայկական կողմը ոչ մեկին չպետք է մեղադրի, այլ պետք է ինքն իրեն  ուժեղացնի:

 

«Ես գտնում եմ, որ հանրությունը սպասում է պաշտոնական պատասխան: Ի վերջո,  Ամերիկան առաջարկով է հանդես եկել, որին պետք է պատասխանել»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա հայկական կողմից պաշտոնական արձագանք չկա ոչ հանրության համար, ոչ էլ՝ ԱՄՆ-ի:


«Որքան էլ ներսից թույլ լինենք, մեկ է՝ մենք հայտնվել ենք քաղաքակրթական հերթական  բախման առաջին գծում»,-ասաց նա և նշեց, որ դիմում են հայկական կողմին, որովհետև այդ կողմից սպասում մարդասիրություն, իսկ Ադրբեջանին չեն դիմում, որովհետև նրանցից չեն սպասում:


«Ես գտնում եմ, որ մենք պետք է հստակեցնենք` ինչ կարգավիճակում են գտնվում դիվերսանտները և միջազգային կոնվենցիայի որ կետով պետք է հանձնենք նրանց, և դա համարվելու պատանդի վերադա՞րձ, թե  դատապարտյալի տեղափոխում»,-ասաց նա: