Դավութօղլուն Սիրիայի տարածքում իրականացված գործողությունը մեկնաբանել է զինվորների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ

09:24 • 24.02.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Սիրիայի տարածքում Սուլեյման շահի դամբարանի տեղափոխությունը, հայտարարել է, թե Անկարան իրավունք ունի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իր զինծառայողների անվտանգությունն ապահովելու և իր պատմական ժառանգությունը պահպանելու համար:

 

Կիրակի գիշերը թուրք զինվորականները մտել էին Սիրիայի տարածք՝ Քոբանի քաղաքի ուղղությամբ, և շարժվել էին 30 կմ դեպի Օսման սուլթանի պապի՝ Սուլեյման շահի դամբարան ու տարհանել էին նրա մասունքները:

 

Գործողության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել էր մեկ զինծառայող:

 

«Առանց տատանվելու ապագայում էլ նման քայլերի կդիմենք, եթե մեր ազգային անվտանգությանը վտանգ սպառնա»,- ասել է Դավութօղլուն մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Նա հայտարարել է, թե այդ գործողությունը ռազմավարական քայլ էր՝ կանխելու համար սադրանքները, և այդ գործողությունն իրականացվել է Սիրիայում ռազմական գործողությունների սրացմամբ և «Իսլամական պետության» կողմից եկող սպառնալիքի պատճառով:

 

Հիշեցնենք, որ պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացված գործողությունն ագրեսիա էր որակել և դիմել էր ՄԱԿ-ին՝ այդ քայլը դատապարտելու պահանջով: