Թուրքիան անելիք չունի և չի կարող ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործում. Է. Շարմազանով

18:09 • 24.02.15

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ելույթ է ունեցել ԱԺ հայտարարությունների ժամին։ Ելույթում ասվում է.

 

«Հարգելի խորհրդարան,

 

Դեռևս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն, անշուշտ, կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության և երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:

 

Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարևանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը:

 

Համոզվեք ինքներդ: Կիպրոս, Սիրիա, Հունաստան և վերջապես Հայաստանի Հանրապետություն:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միևնույն նժարին է դնում զոհին և դահճին: Սա իսկապես անթույլատրելի է:

 

Թուրքիան անելիք չունի և չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է:


Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում և քայլեր ձեռնարկենք թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիք ունի նաև հայոց խորհրդարանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր խմբակցությունների կողմից մշակված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը ևս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ:


Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլևս երբեք ժխտողականությանը, այլևս երբեք ցեղասպանությանը, այլևս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ:
Շնորհակալություն ուշադրության համար»: