ԵՊՀ-ում բացվել է դիվերսիայի հետևանքով զոհված Ազատ Ասոյանի անվան լսարան
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում փետրվարի 24-ին բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարան:
«Արմենպրես»-ին ԵՊՀ-ից հայտնել են, միջոցառման նախաձեռնողն են եղել ԵՊՀ ռեկտորատը, Իրավագիտության ֆակուլտետն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Բացման արարողությանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Ազատի ծնողները, ուսուցիչները, ընկերներն ու հարազատները:
«ԵՊՀ-ում ավանդույթ կա, որի համաձայն՝ մեր հերոսների անուններով լսարաններ ենք կոչում: Իհարկե, ցանկալի էր, որ այս խաղաղ, բավականին փխրուն պայմաններում մեր երիտասարդները չզոհվեին, և այս արարողությունները չլինեին: Բայց այսօր մենք հպարտ ենք, որ երիտասարդների մեջ Ազատի նման մարդիկ կան, ովքեր պատրաստ են իրենց արյան գնով սահման պահել: Սա ճիշտ դաստիարակություն է, որի համար գլուխ ենք խոնարհում ծնողների առջև»,- ասել է Արամ Սիմոնյանը:
Լսարանի բացման արարողությունն անցկացրել են ԵՊՀ ռեկտորն ու Ազատի մայրը՝ Մանուշակ Բալյանը: Այնուհետև միջոցառումը շարունակվել է ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, որտեղ համալսարանական զինվորի ընկերներն ու ուսուցիչներն իրենց սրտի խոսքն են փոխանցել ներկաներին:
Ելույթներից հետո ցուցադրվել է Ազատ Ասոյանի կյանքի, մտորումների ու երազանքների մասին պատմող ֆիլմ, ինչից հետո «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը բոլորին հրավիրել է ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ տեղի է ունեցել բաց դասախոսություն՝ նվիրված նորօրյա հերոս Ազատ Ասոյանին:
Ազատ Արթուրի Ասոյանը (ծնվ. 1994թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին` մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:










