Charlie Hebdo թերթի նոր համարը լույս կտեսնի 2.5 մլն տպաքանակով

10:49 • 24.02.15

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo թերթի նոր համարը, որի խմբագրությունում հունվարին ահաբեկչություն էր տեղի ունեցել, լույս կտեսնի 2.5 մլն տպաքանակով, գրում է newsru.com-ը։

 

Փետրվարի սկզբին այս խմբագրության ծաղրանկարիչներն արձակուրդ էին գնացել, սակայն այժմ այն, հավանաբար, ավարտվել է։

 

Նոր համարը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ին։ Շապիկին պատկերված է Charlie Hebdo-ի համարն ատամներով բռնած շուն, որը փախչում է մի շարք կերպարներից։ Նրանց թվում են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ բուլդոգի կերպարով, երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ պուդելի տեսքով, սև գայլ՝ Կալաշնիկով ինքնաձիգը բերանում, որը մարմնավորում է իսլամիստներին։

 

Շապիկի վրա արված է հետևյալ գրառումը՝ «Եվ կրկին սկսվում է»։ Նկարի հեղինակն է Լյուզը, ով ստեղծել էր նաև Մուհամեդ մարգարեի կերպարով նախորդ շապիկը։