Կոռուպցիան հնարավոր է նվազեցնել իշխանափոխությամբ կամ քաղաքական կամքի առկայությամբ. Վ. Հոկտանյան

12:28 • 24.02.15

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով հակակոռուպցիոն խորհրդին՝ հատկանշական համարեց, որ այդ խորհրդում ընդգրկված անձինք ոչ թե անուններով են նշվում՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, այլ՝ ՀՀ վարչապետ, ֆինանսների նախարար:


«Այսինքն` այս կազմը ի պաշտոնե է, ոչ թե անվանական»,-ասաց նա:


Նա նշեց, որ խնդիրը շատ լուրջ և բարդ է, ու հարցն այն է, թե որքանով այդ խորհուրդը կկարողանա կանխել կոռուպցիան և արդյունավետ աշխատել, եթե նույնիսկ այնտեղ այլ անձինք լինեն:


«Ամենամեծ ֆունդամենտալ խնդիրը  քաղաքական կամքն է»,-ասաց նա:


Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի նման մակարդակ ունեցող երկրում կոռուպցիան հնարավոր է նվազեցնել երկու ճանապարհով՝ ոչ պարտադիր իշխանափոխությամբ և քաղաքական կամքի դրսևորմամբ:


«Եթե համակարգը ավտորիտար է, ինչպես մեզ մոտ, պետք է լինի քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կամքի առկայություն»,-ասաց նա և նշեց, որ մյուս ճանապարհը ժողովրդավարացման ճանապարհն է, որն ավելի շատ բնորոշ է եվրոպական երկրներին:


Հոկտանյանը գտնում է, որ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա Հայաստանում։ «Ավելի շատ իշխում է «հա՛մ գայլերը կուշտ լինեն, հա՛մ ոչխարները չտուժեն» սկզբունքը: Կոսմետիկ բաներ են փորձում անել, աշխատում են, որ քաղաքացի-պաշտոնյա հարաբերությունները քիչ լինեն, սակայն դա լուրջ լուծում չի կարող համարվել»,-ասաց նա։