Մոլդովան համարձակորեն թեքվել է դեպի Արևմուտք. WSJ
The Wall Street Journal ամերիկյան թերթը գրում է, որ Մոլդովային հաջողվել է զգալիորեն շրջվել դեպի Արևմուտք: Ինչպես նշում է թերթը, նման քայլը երկրի համար համարձակ է՝ հաշվի առնելով «նրա ոչ վաղեմի անցյալը և իր տարածքում ռուս զինվորականների ներկայությունը»:
Հոդվածում նաև ասվում է, որ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման Կիևի նմանատիպ ձգտումն ուկրաինական ճգնաժամի պատճառ դարձավ:
WSJ-ն նաև հիշեցնում է մոլդովական գինու ներկրման ռուսական արգելքի մասին, որը սահմանվել է 2013 թվականին եվրաասոցացման հարցով գագաթաժողովի նախաշեմին, ինչպես նաև մոլդովական մրգերի ներկրման ռուսական արգելքի մասին, որը սահմանվել է 2014 թվականին, երբ Մոլդովան ստորագրեց Բրյուսելի հետ եվրաասոցացման մասին համաձայնագիրը: Բացի այդ՝ թերթը գրում է Մոլդովայի էներգետիկ մատակարարումները դադարեցնելու Մոսկվայի սպառնալիքների մասին:
Վրաստանում և Ուկրաինայում իրադարձություններից հետո Մոլդովային սպառնում է «երկարատև, միայնակ և պոտենցիալ կատաղի պայքար», եթե Մոսկվան որոշի ստուգել Քիշնևի արևմտամետ համոզմունքները, ասված է հոդվածում: Այն, որ Մոլդովան պատրաստ է ռիսկի դիմել, խոսում է այդ երկրի օգտին, իսկ այն, որ Քիշնևը չի կարող հույսը դնել ուժեղ արևմտյան աջակցության վրա, չի խոսում «ակումբի» օգտին, որին երկիրը հույս ունի միանալ, գրում է թերթը:










