ՀՀ պաշտպանության նախարարը եղել է մի շարք զորամասերում

19:22 • 24.02.15

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝  Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամկազմի հետ քննարկել է նաև առկա խնդիրները, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման հետագա անելիքները:


Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասերի բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ և հեռանկարային ծրագրերն ու դրանց շահագործման վերջնաժամկետները:


Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս  մաղթելով շուտափույթ ապաքինում:


Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: