Անհետացած մալայզիական «Բոինգը» թեքվել է Անտարկտիդայի ուղղությամբ. փորձագետներ
Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ 777» ինքնաթիռը, որն անհետացել է 2014 թվականի մարտ ամսին, թեքվել է Անտարկտիդայի ուղղությամբ: Նման եզրակացության են եկել ավիավթարների հարցերով փորձագետները MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռի արբանյակային տվյալների վերլուծությունից հետո, գրում է lenta.ru-ն:
Մասնագետները չեն բացառում, որ երթուղու փոփոխությանը կարող են ներգրավված լինել որոշակի մարդիկ: Նրանց տվյալներով՝ երբ ինքնաթիռը կորել է ռադարների էկրանից, այն թռիչքի մեջ է եղել ևս մի քանի ժամ: Ինքնաթիռը հասցրել է կատարել երեք շրջադարձ, ինչի հետևանքով «Բոինգն» ուղղվել է հարավ՝ Անտարկտիդայի ուղղությամբ:
Նման շարժումները, փորձագետ Մալքոլմ Բրեների կարծիքով, խոսում են այն մասին, որ «մեկը կանխամտածված ինքնաթիռը շեղել է իր երթուղուց»:
Ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջին կորած ինքնաթիռում գտնվող անձնակազմը և ուղևորները պաշտոնապես ճանաչվել են մահացած: Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի բաժնի ղեկավար Ազարուդին Աբդուլ Ռահմանն ինքնաթիռի հետ տեղի ունեցածն անվանել է դժբախտ պատահար: Նրա խոսքով՝ ինքնաթիռի բեկորներն այդպես էլ հնարավոր չի եղել գտնել:










