Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտություն չկա. Պուտին

17:20 • 24.02.15

Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտություն չկա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ВГТРК-ին տված հարցազրույցում, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Դեռևս դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք «Մինսկ-3»-ի անցկացում կամ Ռուսաստանում ծայրահեղ դիվանագիտական միջոցների կիրառում՝ Դոնբասում ռազմական գործողությունների սրման դեպքում։

 

Ընդ որում՝ Պուտինը հայտարարել է, որ քանզի մինսկյան համաձայնագրերը միջազգային իրավական ակտի բնույթ են ստացել, ապա նրանք պետք է կատարվեն։

 

«Որովհետև Մինսկի այդ պայմանավորվածությունները մնացել են ոչ միայն թղթի վրա, որը մշակվել է գործընթացի 4 մասնակիցների կողմից, դրանք ամրապնդված են ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի որոշման մեջ և ստացել են միջազգային իրավական ակտի ձևաչափ։ Սա արդեն այլ պատմություն է։ Եվ ես հույս ունեմ, որ դա կիրականացվի։ Իսկ եթե դա իրականացվի, ապա դա կլինի Ուկրաինայի այդ շրջանում իրավիճակի կայունացման ճիշտ ուղին»,- ասել է Պուտինը։

 

Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: