Սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
«Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները» նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր խոսքը սկսեց նրանից, թե երեկ հանդիպել է իր դասախոս ընկերների հետ և նրանց մոտ խորը տագնապ է նկատել, որ այս վիճակով պետությունը գնում է դեպի անդունդ:
«Բայց այդ տագնապն այստեղ չեմ զգում, որոշների մոտ հնարավորություն է, թե ինչքան հավատարիմ են Սերժ Սարգսյանին և ինչքան կարող են լուտանք թափել ընդդիմության հասցեին: Մի՞թե ընդդիմության պատճառով է այս վիճակը հասունացել»,-ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորների ավելի վաղ արված հայտարարությունները, թե ընդդիմությունը հիվանդ է, Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Էդ որ դասեր եք տալիս, ասում եք՝ հիվանդ են, տո հիվանդը դո՛ւք եք, և ժողովուրդը շատ լավ հասկանում է: Անբուժելի հիվանդ են նրանք, ովքեր այս ամենը կապում են ընդդիմության հետ»:
Ռուբեն Հակոբյանը կոչ արեց հարգել ԱԺ-ում նստած մարդկանց և երբեք որպես ցուցիչ չներկայացնել առաջին Նախագահին, ում օրոք, ըստ նրա, «ահագին լուրջ հաջողություններ են եղել», չնայած որ եղել են նաև բացթողումներ:
Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ քաղխորհրդրի նիստսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը միանգամից ասոցացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 94թ-ի ելույթի հետ. «Ոչինչ չի փոխվել»:
Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասով նա նշեց, որ այնտեղ հնչած մի քանի հարցի տակ միանգամից ստորագրում է, որ քաղաքականությամբ պետք է քաղաքական գործիչները զբաղվեն, որ պետք է բիզնեսը տարանջատել։
«Ասում է այս մասին, բայց հաջորդ պահին հայտարարվում է, որ ստեղծվում է կոռուպցիոն հանձնաժողով, որը կղեկավարեն Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը … Հայաստանը կրկես չի, չի կարելի ձեռ առնել ժողովրդին, դուք ձեզ ձեռք առեք, բայց հարգեք ժողովրդին»,– ասաց նա:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ երկում տիրող իրավիճակը ոչ թե կառավարման, այլ քաղաքական ճգնաժամ է։ «Սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է»,-ասաց և նշեց, պետք է բաց քննարկում սկսել և այն ուժերը, որոնք ինքնանպատակ դեմ կլինեն, նրանց բացառեն:
«Կազմակերպե՛ք միասին պետությունն այս վիճակից հանելու»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց. «Է՜ լավ չնայեցիր ինձ, թե չէ կպատասխանեի»:










