Ինքնահռչակ ԴԺՀ-ում հայտարարել են ծանր զինտեխնիկան հեռացնելու մասին
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը փետրվարի 24-ին՝ ժամը 9:00-ին, սկսել է հետ քաշել ծանր զինտեխնիկան շփման գծից: Այդ մասին հայտնել է աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ մեկ օրվա ընթացքում հետ կքաշվի 96 միավոր տեխնիկա:
«Ընդհանուր առմամբ, ողջ պլանը նախատեսվում է իրականացնել երկու շաբաթում՝ սկսած փետրվարի 22-ից, ինչպես նախատեսվել է Մինսկի արձանագրություններով: Այսինքն՝ սկսած այսօրվանից՝ 12 օր»,- նշել է Բասուրինը:
Նա նաև հստակեցրել է, որ ծանր զինտեխնիկան հեռացվում է «այնպիսի կետերից, ինչպիսին են Դեբալցևոն, Գորլովկան, Դոնեցկը և շրջանի հարավը»:
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Վիտալի Կիսիլյովն իր կողմից հայտարարել է, որ ԼԺՀ-ի աշխարհազորայինները կսկսեն Դեբալցևոյի շրջանում հեռացնել ռեակտիվ հրետանին ժամը 12:00-ից:










