ԵՄ-ում սեռերի միջև աշխատավարձերի տարբերությունը կվերանա 71 տարուց. հետազոտություն

21:24 • 08.03.15

Քաղաքականությունը, որը կխրախուսի տղամարդկանց ավելի ակտիվ ծնողներ լինել, կօգնի կրճատել ԵՄ-ում մինչ այժմ գոյություն ունեցող սեռերի միջև աշխատավարձերի տարբերությունը, գրում է euronews.com-ը:

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին հրապարակված Eurostat-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2013 թվականին ԵՄ-ում եղել է 16,74 տոկոսի տարբերություն կանանց և տղամարդկանց աշխատավարձերի մեջ՝ նվազելով հինգ տարի առաջ գրանցված 17,3 տոկոսից:

ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս հարցում առաջընթացի ներկայիս տեմպերով կպահանջվի 71 տարի, մինչև կհաստատվի սեռերի միջև աշխատավարձերի հավասարություն:

Նշվում է, որ Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և Էստոնիայում գրանցվել է 20 տոկոս կամ ավելի տարբերություն, մինչդեռ Իսպանիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում և Մեծ Բրիտանիայում տարբերությունը եղել է ԵՄ-ի միջին ցուցանիշներից բարձր:

Սլովենիայում մասնավորապես ցուցանիշը եղել է 3,2 տոկոս, Լեհաստանում՝ 6,4 տոկոս, Խորվաթիայում՝ 7,4 տոկոս, Ռումինիայում 9,1 տոկոս, Իտալիայում՝ 7,3 տոկոս: