Եմենում օտար պետությունների օդային հարվածները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը. Իրանի ԱԳՆ
Եմենի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի որոշ երկրների հասցրած օդային հարվածները խախտում են այդ երկրի տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, հաղորդում է ria.ru-ն:
«Եմենի տարածքում օտար պետությունների կործանիչների օդային հարվածներն այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում են: Որոշ երկրներ արհամարհում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և օրենքներ են խախտում: Դա խաղաղության և կայունության, ինչպես նաև միջազգային անվտանգության օգտին չէ: Օդային հարվածների իրականացումը և պատերազմ սկսելը հեշտ գործ է, պատերազմն ավարտելը և պատերազմից դուրս գալը՝ դժվար»,- ասել է նա:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Եմենին ռազմական հարվածները հիմք կստեղծեն երկրում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում ծայրահեղականության և ահաբեկչության ուժեղացման համար:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու օգտին: Մենք վճռականորեն դատապարտում ենք Եմենի գործերին օտարերկրյա միջամտությունը»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբների դիրքերի ուղղությամբ:










