Հայաստանում խտրականությունը լրջագույն հիմնախնդիր է. քննարկում
Հայաստանում խտրականություն ունենք ամեն տեղ, այլ բան՝ թե դա ինչպես է կարգավորվում իրավական չափանիշի մեջ: Այս մասին այսօր «Ա1+»-ի «Շփման գիծ» հաղորդաշարի քննարկման ժամանակ ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը՝ ադրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կա խտրականություն: Բացի այդ՝ նա գտնում է, որ հասարակության մեջ խտրականության ընկալման խնդիր կա:
Հայաստանի հունական համայնքի «Պատրիդա» ՀԿ ղեկավար Էդուարդ Պոլատովը, խոսելով արտագաղթի պատճառների մասին, նկատեց, որ այսօր մարդիկ հեռանում են երկրից՝ աշխատանք չունենալու, և այլ խնդիրներով պայմանավորված: Նա Հայաստանում այդքան էլ խտրական վերաբերմունքի դրսևորումներ չի տեսնում:
«Հասարակություն՝ առանց բռնության» հկ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը գտնում է, որ Հայաստանում խտրականությունը և հատկապես՝ կանանց նկատմամբ խրտականությունը լրջագույն հիմնախնդիր է: Նա նշեց, որ երբեմն պարզապես կանայք չեն գտակցում, որ զոհ են դառնում խտրականության:
Աննա Նիկողոսյանն ասաց, որ կանայք կազմում են բնակչության ավելի քան հիսուն տոկոսը, սակայն նրանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական պաշտոններում, քիչ է: «Հայաստանում ամեն մի երրորդ կին ենթարկվում է բռնության որևէ տեսակի»,-ասաց նա և մտահոգիչ համարեց, որ քիչ բնակչություն ունեցող երկրում տարեկան տասնմեկ կին է մահանում ընտանեկան բռնության հետևանքով:
Ի հակառակ ասվածի՝ Էդուարդ Պոլատովն ասաց, որ կարծում է, որ Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն չկա:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսեց «եվրոպական արժեք» հասկացության մասին, և նշեց, որ եվրոպական արժեքը նույն կրթական արժեքն է: «Մեծամասամբ ծեծի են ենթարկվում սոցիալապես անապահով երեխաները»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում խտրական վերաբերմունքի ամեն քայլափոխի ենք հադիպում:
Ինչ վերաբերում է նոր օրենքների ընդունմանը, ապա իրավապաշտպանն ասաց, որ չէր ցանկանա խտրականության արգելքի օրենքը լիներ պարտադրված, այլ կուզենար, որ հասարակությունը գար նրան, որ դա համարվեր անհրաժեշտություն










