Ստամբուլի հայկական եկեղեցու պատին նոր հակահայկական գրություն է հայտնվել
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին հայերի հանդեպ ատելություն սերմանող գրություններ են հայտնվել, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Մարտի 24-ին անհայտ անձինք եկեղեցու պատին գրել էին. «Ինչ օգուտ, եթե բոլորդ հայ լինեք, եթե մեզնից մեկն Օգյուն Սամասթն է» (նկատի ունեն Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին և «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» կարգախոսը-Tert.am)։
Այս արտահայտությունը սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ, եկեղեցու պատին նոր գրություն է հայտնվել։ «Օրհնյալ տարի 1915» գրել են անհայտ անձինք։
Այդ գրություններն արդեն ներկվել ու ծածկվել են, և եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը նշում է, որ եկեղեցու պատը մարդաշատ շրջանում է, և հնարավոր չէ պարզել, թե ով է գրել դա։
Փետրվարին նույն եկեղեցու պատին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված ռասիստական պաստառ էր կախվել, ինչը, սակայն, ավելի ուշ հեռացվել էր ոստիկանների միջամտությամբ։










