Մինսկը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ի և ԵՄ-ի մերձեցմանը. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության (ԵՄ) մերձեցմանը: Այդ մասին Մինսկում հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, գրում է ria.ru-ն:
«Մենք գիտակցաբար և պատասխանատվությամբ քննարկում ենք վերջերս ստեղծված Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մերձեցման հեռանկարները և պատրաստ ենք առավելապես ներդրում ունենալ այդ գործընթացում»,- ասել է Միխնևիչն ուրբաթ «Մինսկի երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ ընդհանուր նպատակն է խուսափել այդ ինտեգրումների բախումից և նոր բաժանարար գծերի հայտնվելուց՝ դրան հակադրելով կառուցողական համագործակցության պոտենցիալը:
«Բելառուսը միշտ ձգտել է փոխշահավետ համագործակցություն կառուցել և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ, այլ չընտրել այդ կենտրոնների միջև»,- նշել է Միխնևիչը:










