Էրդողանն Իրանին մեղադրել է տարածաշրջանում գերիշխող դառնալու ձգտման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի՝ տարածաշրջանում իշխող դառնալու ձգտումն անընդունելի է համարել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Իրանը ձգտում է գերակշռող դառնալ տարածաշրջանում: Դա արդեն անհանգստացնում է ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա, իրոք, անընդունելի է, և Իրանը պետք է տեսնի դա»,- հայտարարել է Էրդողանը՝ մեկնաբանելով Եմենում ռազմական գործողության մեկնարկը:
Թուրքիայի նախագահն Իրանին կոչ է արել դադարեցնել Եմենում շիա ապստամբներին աջակցություն ցուցաբերելը:
«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Նա պետք է դուրս բերի իր ուժերը Եմենից, նաև Սիրիայից և Իրաքից և հարգի նրանց տարածքային ամբողջականությունը»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Եմենում գործողությանը հնարավոր լոգիստիկ աջակցության հնարավորության մասին՝ պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումներով:
Էրդողանի մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ թուրք նախագահի այցն Իրան տեղի կունենա ավելի վաղ մատնանշված ժամկետում՝ ապրիլի սկզբին՝ չնայած Եմենում իրադարձությունների զարգացմանը:










