Եղավ շատ անկաշկանդ մտքերի փոխանակում. Խ. Հարությունյանը՝ վարչապետների ակումբի մասին

19:25 • 27.03.15

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետների ակումբի անդրանիկ նիստին, ասաց, թե պայմանավորվել են, որ քննարկումները ունենալու են որոշակի գաղտնիություն:
 

«Քննարկում ենք ոչ թե մամուլին ու հանրությանը ներկայանալու, կամ հանրային կարծիքի վրա ուղղակի ազդեցություն գործելու համար, այլ այդ շփումների իմաստը որոշ հարցերի վերաբերյալ մեր կարծիքները շարադրելն է, որից յուրաքանչյուր մասնակից կարող է օգտվել, բայց ակնհայտ է, որ ավելի շատ կարող է օգտվել գործող վարչապետը»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
 

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
 

Խոսրով Հարությունյանն ասաց, որ ակումբն ավելի շատ կրում է քաղաքական շփումներում նոր մշակույթ ձևավորելու առաքելություն։
 

«Դա շատ կարևոր է, որովհետև մեր իրականության մեջ նախկինները կարծեք թե մոռացվում են: Այնինչ նախկինները փորձ ու հմտություն, որոշումներ կայացնելու ունակություն ունեն և կարող են օգտակար լինել: Դե ֆակտո այդ հարթակը կարող է դառնալ շատ կարևոր խորհրդատվական առաքելություն իրականացնող հարթակ գործող վարչապետի համար»,-նշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
 

Նա նշեց, որ պայմանավորվել են, որ ակումբը լինելու է անկաշկանդ, չպարտադրված, առանց փողկապի շփումների հարթակ, որևէ պարտադրված օրակարգ չի կարող լինել, կարող են լինել ինչ-որ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներ, որի վերաբերյալ ցանկացած ոք կարող է իր կարծիքն արտահայտել, և կարող  ընդհանրապես կարծիք չարտահայտել:
 

Խոսրով Հարությունյանն ասաց նաև, որ ցանկացած նախկին վարչապետ ի պաշտոնե այդ ակումբի անդամ է, անկախ նրանից, կմասնակցի՞ ակումբի աշխատանքներին, թե ոչ:
 

Թեև հանդիպումը կոնֆիդենցիալ է, այդումենայնիվ, Խոսրով Հարությունյանն ասաց, որ քննարկվող հարցերը վերաբերել են թե՛ տնտեսությանը, թե՛ սահմանադրական բարեփոխումներին. «Ամեն ինչի մասին էլ խոսում ենք»:
 

«Կարծում եմ՝ բոլորն էլ բավարարված էին, որովհետև եղավ շատ բաց, շատ անկաշկանդ մտքերի փոխանակում:  Կարծում եմ նաև, որ գործող վարչապետն էլ էր բավարարված»,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը: