Morgan Stanley բանկի ֆինանսական տնօրենը 70 մլն դոլար կստանա Google տեղափոխվելու համար
Morgan Stanley բանկի ֆինանսական տնօրեն Ռուտ Պորատը ռեկորդային գումար կստանա Google-ում նույնանման պաշտոնի անցնելու համար, գրում է gazeta.ru-ն:
Պորատի վարձատրության ընդհանուր գումարը բաղկացած է երկու մասից՝ Google-ի ապագա ֆինանսական տնօրենը 65 միլիոն դոլար կստանա բաժնետոմսերով, իսկ 5 միլիոն դոլար կփոխանցվի նրա հաշվին, սակայն դրանք նա միանգամից չի ստանա: The Wall Street Journal-ը նշում է, որ դա ռեկորդային վճարում է թոփ մենեջերի տեղափոխության համար: Տեղեկությունների համաձայն՝ Պորատի հետ կարող է մրցել միայն Oracle Corp.-ը, որն աշխատանքի առաջին յոթ ամիսների ընթացքում ֆինանսական տնօրեն Սաֆրա Կացին վճարել է 43,6 միլիոն դոլար:
Պորատը յոթ ամսվա ընթացքում կստանա ընդհանուր առմամբ 30 միլիոն դոլար: Google-ում գլխավոր տնօրենի բազային աշխատավարձը կկազմի 650 հազար դոլար՝ գումարած 5 միլիոն դոլարի չափով միանվագ վճարում: Բաժնետոմսերը կբաժանվեն երկու տրանշի՝ առաջինը կվճարվի երեք տարվա ընթացքում և կկազմի 25 միլիոն դոլար, իսկ երկրորդ մասը գնահատվում է 40 միլիոն դոլար և կփոխանցվի մինչև 2019 թվականը:










