Քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին աջակցելու իր քաղաքականությունը. Տ. Մարգարյան

16:05 • 27.03.15

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին ու թատերական գործիչներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը. Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։


Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
 

Բոլոր ժամանակներում թատրոնն առանձնահատուկ տեղ է ունեցել մեր ժողովրդի մշակութային կյանքում:
 

Դարերի խորքից եկող ավանդույթներով թատրոնի հայկական դպրոցն իր բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների շնորհիվ զգալի ավանդ է բերել նաև համաշխարհային բեմարվեստի զարգացմանը:


Մեր տաղանդաշատ արվեստագետներն այսօր էլ, շարունակելով լավագույն ավանդույթները, ստեղծում են նոր արժեքներ՝ թարմ լիցք հաղորդելով մեր մշակութային կյանքին:


Դուք ձեր անուրանալի ավանդն ունեք նաև սերունդների դաստիարակության գործում. իմ խորին համոզմամբ` թատրոն հաճախող երեխան, պատանին, քաղաքացին չի՛ կարող լավ մարդ չլինել, չի՛ կարող չսիրել հայրենիքը, հարազատ քաղաքը:


Հարգելի՛ բարեկամներ,


Գնահատելով ձեր ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում` ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին ու թատերական գործիչներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը և անելու է հնարավորը, որ բեմարվեստի մարդիկ իրենց հնարավորին հարմարավետ ու լավ զգան մեր քաղաքում:


Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում բոլորիդ»։