Germanwings-ը Մարսելում մարտի 28-ից ինքնաթիռի կործանման զոհերի ընտանիքների օգնության կենտրոն կբացի

20:52 • 27.03.15

Germanwings ավիափոխադրողը, որի A320 ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիայի հարավում, Մարսելում աղետի զոհերի ընտանիքների օգնության կենտրոն է ստեղծում, գրում է interfax.ru-ն:

 

Արդեն անցկացվում է անձնակազմի հավաքագրում, իսկ կենտրոնի աշխատանքը կսկսվի շաբաթ օրը՝ մարտի 28-ին:

 

«Մեր հիմնական նպատակը այս բարդ ժամանակահատվածում 4U9525 չվերթի զոհերի մտերիմներին և ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է,- ասել է Germanwings-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Տոմաս Վինկելմանը: - Այդ աղետի պատճառած ցավն ու տանջանքը անչափելի են: Ոչ մի խոսքեր չեն կարող արտահայտել դրանք, և ցանկացած սփոփանք բավական չի լինի, բայց մենք ցանկանում ենք ժամանած ընտանիքների անդամներին և մտերիմներին մեր աջակցությունը ցույց տալ»:

 

Հինգշաբթի օրը Germanwings-ը և Lufthansa-ն տեղափոխել են զոհերի բարեկամներին Մարսել Դյուսելդորֆից և Բարսելոնայից երեք հատուկ չվերթներով: Այնուհետև նրանց տարել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող Սեն-Լեզ-Ալպ քաղաք, որտեղ նրանք մասնակցել են հոգեհանգստի արարողությանը: Զոհերի բարեկամներին և ընկերներին ուղեկցել են Lufthansa Group-ի տնօրենների խորհրդի անդամներ Զիմոնե Մենեն և Բետինա Ֆոլկենսը: