Շումախերի խորթ եղբայրը փրկվել է մահից՝ փոխանակելով վթարի ենթարկված A320-ի չվերթի տոմսը

17:27 • 28.03.15

Տխրահռչակ Բարսելոնա- Դյուսելդորֆ չվերթն իրականացնող A320 օդանավի տոմսը ձեռք բերած է եղել նաև գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի խորթ եղբայրը՝ Սեբաստյան Շտալը, ով կարողացել է փոխանակել տոմսը և ավելի շուտ թռչել՝ այդպիսով խուսափելով մահից, գրում է Berliner Kurier-ը:

 

36-ամյա Շտալը Բարսելոնա էր մեկնել ֆոտոսեսիայի մասնակցելու համար: Գերմանիա նա պետք է վերադառնար հենց այդ չարաբաստիկ չվերթով:

 

«Ամբողջ շաբաթ եղանակն այն չէր, և այդ պատճառով ես փոխեցի տոմսը նույն ավիաուղիների մեկ այլ տոմսով՝ 24 ժամ շուտ թռչելու համար: Սա անհավատալի հաջողություն է: Իմ ընկերներից շատերը գիտեին, թե ես այդ չվերթով եմ թռչելու»,- պատմել է Ռոլֆ Շումախերի և Բարբարա Շտալի որդին:

 

Հիշեցնենք, որ Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։

 

Հինգշաբթի Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով հայտարարել էր, որ օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն:

 

Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: