«Հիմնադիր խորհրդարանի»՝ Գյումրիում հանրահավաքի ընթացքում դանակով վնասել են անդամ Հրաչիկ Միրզոյանին (թարմացված)

20:59 • 28.03.15

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի

 

«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ հանկարծ սկսվեցին բարձր բղավոցներ և հայհոյանքներ, և ձվեր նետվեցին։ Մի քանի երիտասարդներ սկսեցին վազել դրանք նետողների ետևից։

Նրանց հետապնդողների թվում ՆԽ անդամ Հրաչիկ Միրզոյանին փորձել են դանակահարել: Այս մասին Tert.am–ին ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ դանակը դիպել է Հրաչիկ Միրզոյանի կողերին, և նա քերծվածք է ստացել: 

 

 

18.07

 

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին մանր խառնակչություններ են անում։ Այս մասին Tert.am-ին ասաց Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

 

«Ջահելներ են,  գալիս ժողովրդի մեջ վեճ են հրահրում, ռեպլիկներ` գցում, որ մեղք է էս ժողովուրդը և այլն,  գնում  անկյունում ինստրուկտաժ են ստանում,գալիս, 23-24-25 տարեկան երիտասարդներ են»,- ասաց Լևոն Բարսեղյանը:


Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ այլևս վերջացել է բոլոր խոսքերի  ժամանակը, եկել է գործելու ժամանակը:


«Որովհետև մեր ժողովուրդը ամեն տեսակ խոսք լսեց, սնանկացվեց բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով, դատարկվեց երկիրը, դատարկվեցին գրպանները»,- Գարեգին Չուգասզյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում 2 միլիոն մարդ է ապրում` անկախության տարիների 4 միլիոնից: Բայց այսօր պետք է Հայաստանում 6 միլիոն մարդ ապրեր, Գյումրին պետք է լցված լիներ:


«Գյումրեցու ոգին, որ կար, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին չպետք է այս վիճակում հայտնվեր»,- ավելացրեց ՀԽ անդամը:


Նա  գյումրեցիներին բացատրեց «Հիմնադիր խորհրդարանի»`  «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսը՝ ասելով, որ հայ ժողովրդի ոգեկոչումը պետք է լինի շատ իմաստավորված։


«Հիմնադիր խորհրդարանի»  անդամ Վարդան Հակոբյանն իր ելույթում ասաց.  «Մենք գիտենք Գյումրին մեզ համար ինչ կարևոր  կենտրոն է եղել մեր ողջ պատմության ընթացքում և երկու տարի առաջ նույն  հարթակից խոստացել էինք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Ժողովուրդ, ճանապարհը այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելն է»:


«Հիմնադիր խորհրդարանի» Գյումրեցի աջակից, աշխարհագրագետ Վարազդատ Մանուկյանն իր խոսքը սկսեց Գարեգին Նժդեհի խոսքերով` «Պետք է մեռնի «ես»-ը, որ ապրի «մենք» -ը»:


«Մենք ունենք իրավունքներ և պարտականություններ, մենք կատարում ենք մեր  պարտավորությունները` վճարելով հարկեր: Իշխանությունն էլ ունի պարտավորություններ և պարտավոր է մեզ տալ աշխատելու հնարավորություն, որպեսի հայը իր հացը չփնտրի օտար երկրներում»,- ասաց  նա։


Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են վճարելու, որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին: