14.900.000 դոլար. ԱՄՆ-ում «խենթացած» օդաչուն աստղաբաշխական փոխհատուցում է պահանջում
Ամերիկյան JetBlue ավիաընկերության օդաչու Քլեյթոն Օսբոնը, ում ոչ ադեկվատ պահվածքի պատճառով 2012թ. խափանվել է չվերթը, իր գործատուից պահանջում է 14.9 մլն դոլարի փոխհատուցում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, համապատասխան հայցն արդեն ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան: Հիսուներկուամյա Օսբոնի հայցում նշվում է, որ իր մոտ տեղի է ունեցել նոպա։
Օդաչուի պնդմամբ՝ հենց այդ նոպայի պատճառով է ինքը սկսել վազել ինքնաթիռի սրահով մեկ` տարօրինակ բաներ բղավելով Հիսուս Քրիստոսի ու ահաբեկչական հարձակումների մասին:
Օսբոնի կարծիքով՝ ավիաընկերությունը պետք է նկատած լիներ իր վատ ինքնազգացողության փաստն ու արգելեր իրեն թռչել:
Իր հայցում օդաչուն մեղադրում է JetBlue-ի տնօրինությանը` իր պարտականությունների կատարման հարցում թերանալու ու պայմանագրի պայմանները խախտելու համար:
Այժմ բարոյական ու նյութական վնասի փոխհատուցման համար նա աստղաբաշխական գումար է պահանջում:










