Անթույլատրելի է Ցեղասպանության տարելիցն օգտագործել ներքաղաքական նպատակներով. Գ. Համբարյան

16:45 • 29.03.15

Շատ սխալ է Հայոց ցեղասպանությունը խառնել ներքին քաղաքական խնդիրների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը ` անդրադառնալով  ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանի գործողությունների ծրագրին՝ հարգանքի տուրք զոհերի հիշատակին և շուրջօրյա հավաքներ:

 

«Ժիրայր Սեֆիլյանը կարող է պայքարել իշխանությունների դեմ, բայց ոչ Հայոց ցեղասպանության տարելիցը մեջ մտցնելով և ասելով, թե 100-ամյակը դիմավորում ենք առանց ռեժիմի: Սա ընդհանրապես սխալ է: Կարծում եմ, որ արցախյան հիմնահարցի հետ մեկտեղ սա մեր ազգի` և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ սփյուռքում գործող այն միակ թեզերից պետք է լինի, որ մենք այս հարցում պետք է համագործակցենք և գործենք մեկ բռունցքով»,- ասաց նա։

 

Քաղաքագետի գնահատականով՝ ուժեղ ընդդիմություն ունենալը պետք է որ սթափեցնի իշխանություններին: «Կան հարցեր, որտեղ մեր ընդդիմության գործողությունները ոչ թե իշխանությունների դեմ են, այլ՝ ընդհանրապես հակապետական»,- ընդգծեց  Գագիկ Համբարյանը:

 

Ինչ վերաբերում է երեկ Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դանակահարությանը, ապա Գագիկ Համբարյանն անթույլատրելի է համարում այն անձանց քայլերը, ովքեր «իրենց խամաճիկների միջոցով ցանկանում են խուլիգանական արարքներով խոչընդոտել այդ հանրահավաքների կայացումը»:
 

«Եթե այս ամենի հետևում կանգնած են իշխանական ուժերը, ապա նրանք պետք է գիտակցեն, որ եթե  թողնեն, որ հանրահավաքն առանց միջադեպերի անցնի, ապա ժողովրդի հետաքրքրությունը այդ հավաքների նկատմամբ նվազ կլինի, բայց  քանի այնպիսի դեպքեր են լինում, ինչպես երեկ, երբ ձվերով հարվածում են հանրահավաքի կազմակերպիչներին կամ մասնակիցներին, այդ դեպքում ակտիվությունն ավելանում է»,-նշեց քաղաքագետը:

 

Նշելով, որ նման արարքները սխալ են՝ քաղաքագետը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները համապատասխան արձագանք կանեն և սադրիչներին պատասխանատվության կենթարկեն: