Գյումրիի ռազմաբազայի նոր հրամանատարն իր պարտականություններին կանցնի մարտի 30-ին

16:52 • 29.03.15

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հրամանատարն իր պարտականություններին կանցնի երկուշաբթի օրը՝ մարտի 30-ին: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գործերով Ռուսաստանի Պետական դումայի հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը, գրում է interfax.ru-ն:


«Վաղվանից իր պարտականություններին կանցնի նոր հրամանատարը»,- ասել է նա Գյումրիում Շիրակի շրջանի և քաղաքի ղեկավարության և ռուս պատգամավորների հետ հանդիպմանը:


Լեբեդևը ղեկավարում է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո ստեղծված համատեղ խորհրդարանական հանձնաժողովի ռուսական բաժինը:


Նա չի նշել, թե ով է ղեկավարելու ռուսական ռազմաբազան, սակայն interfax.ru-ն, Գյումրիում ստացած տվյալների համաձայն, նշում է, որ դա լինելու է գեներալ-մայոր Ուստինովը:


Ռուս պատգամավորները հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ Գյումրի են այցելել Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին ծաղիկներ դնելու համար: