Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ հանդիսավորությամբ նշել է Ծաղկազարդը

19:25 • 29.03.15

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ հանդիսավորությամբ նշել է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաև իբրև մանուկների օրհնության օր:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Առավոտյան ժամերգության ավարտից հետո, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի բակում շարականի երգեցողությունից ու օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվել է նաև Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության  կարգ:

Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերեց մանուկների ծնողներին, որոնք, գիտակցելով օրվա խորհուրդը, իրենց զավակների հետ միասին Ծաղկազարդի բերկրալից օրը տոնախմբում են  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:  Վեհափառ Հայրապետն աղոթք է վերառաքել առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնավոր Տերն Իր բարի ու քաղցր հայացքի տակ պահի բոլոր մանուկներին` Իր սիրո ու խնամքի մեջ աճ և հասակ պարգևելով ամենքին, որպեսզի լինեն ազգի աստվածասեր ու հայրենասեր զավակներ` իրագործման առաջնորդելով հայ ժողովրդի բոլոր բարի իղձերն ու սպասումները:

«Պահպանիչ» աղոթքից հետո Հայոց Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր է նվիրել, իսկ ներկա հավատավոր ժողովրդին բաժանվել են ուռենու օրհնված ճյուղեր:

Ապա Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրել է Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը` միաժամանակ նշելով, որ այս կանաչ ու ծաղկուն տոնը բոլոր Քրիստոնեական Եկեղեցիները տոնում են հենց այս նույն օրը:

«…Մեզ համար հատկապես տոնախմբելի է, որ Հիսուս Երուսաղեմ իր մուտքին ցույց տվեց ճանապարհը և Աստծու տնօրինության և առաքելության ճշմարտությունը. այն ճանապարհը, որով այսօր Հիսուսի առաքելությունն է շարունակում Եկեղեցին: Եկեղեցին այդ արահետով է գնում: Անցավ 2000 տարի այդ օրվանից. արդյո՞ք երբեմն մտածում ենք`  ինչը փոխվեց. դժբախտաբար, շատ քիչ բան փոխվեց: Այսօր այն վերաբերմունքը, ինչ որ ցուցաբերեց ժողովուրդը մեր Տեր Հիսուսին, ցուցաբերվում է նրա առաքելությունը երկրում շարունակողի նկատմամբ. այսօր մենք հաճախ ենք լսում` տրտնջում են, դժգոհում են, ակնկալում են Եկեղեցուց այն, ինչը Եկեղեցու առաքելությունը և անելիքը չէ: Եվ երբ իրենց ակնկալիքները չեն իրականանում, շրջվում են և մոռանում օվսաննաները: Սակայն, Եկեղեցին երբեք սիրելու, սիրաշահվելու լայն ճանապարհը չի ընտրում, այլ այն նեղ ու դժվարին արահետը, որ տանում էր Երուսաղեմ և որով Հիսուս գնաց` իմանալով հանդերձ, որ այնտեղ խաչի մահը պիտի ընդունի»,- ասել է պատարագիչ Նաթան Սրբազանը: