Խորեն Աբրահամյանի հիշատակին hարգանքի տուրք է մատուցվել

18:41 • 01.04.15

Մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարզատներն ու ընկերները, թատերական գործիչներ, ուսանողներ, դպրոցականներ, Աբրահամյանի արվեստի սիրահարներ: Պանթեոն է այցելել և Երևանի քաղաքապետի անունից դերասանի շիրիմին ծաղկեպսակ դրել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ամեն տարի ապրիլի 1-ին վարպետի շիրիմին այցի են գալիս նաև Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտները, ուր, ի դեպ, տասնհինգ տարի առաջ այս օրերին իր հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Խորեն Աբրահամյանը:


Դպրոցականները ներկայացրել են կինոյի և թատրոնի մեծ վարպետի կյանքի առավել ուշագրավ դրվագներ,  նրա խոսքերն ու պատգամները:


Վարպետի մասին իրենց հուշերն են պատմել թատերարվեստի գործիչները, ովքեր ժամանակին ճանաչել և շփվել են նրա հետ:


«Այն ամենի համար, ինչ մի ամբողջ սերունդ ստացել է նրա բեմական կերպարներից ու առերես շփումից, պետք է ամենքս շնորհակալ լինենք: Խորեն Աբրահամյանը հայ թատրոնի, միաժամանակ միջազգային մասշտաբի թատերարվեստի գործիչ էր ու բացարձակ արժեք»,- նշել է Արամ Սուքիասյանը: