EasyJet-ի օդանավը ստիպված վայրէջք է կատարել, երբ ուղևորը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա՝ սենդվիչն ուշացնելու համար

16:03 • 01.04.15

Ժնևից Պրիշտինա թռչող EasyJet ավիաընկերության օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ ուղևորը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա՝ սենդվիչն ուշացնելու համար, հայտնում է express.co.uk-ը: Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղևորը «չափազանց երկար է սպասել սենդվիչին»: Ականատեսների խոսքերով՝ տղամարդը բացականչել է. «Ես մի քանի ժամ է՝ սպասում եմ: Ես սոված եմ»:

 

Նա այնուհետ հարձակվել է անձնակազմի երիտասարդ անդամի վրա:

 

«Նա գոռաց բորտուղեկցորդուհու վրա, այնուհետ կանգնեց և բռունցքով հարվածեց նրան, և երբ վերջինս ընկավ գետնին, ուղևորը շարունակեց հարվածել նրան»,- պատմել է տղամարդու կողքին նստած ուղևորը:

 

Մյուս ուղևորներն այնուհետ փորձել են հետ պահել տղամարդուն, իսկ օդաչուն օդանավն ուղղել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Ֆիումիչինո օդանավակայան՝ «անվտանգության նկատառումներով»:

 

Տղամարդը ձերբակալվել է Իտալիայի ոստիկանության կողմից, իսկ բորտուղեկցորդուհին բժշկական օգնություն ստացել տեղում:

 

EasyJet-ը հաստատել է հարձակման փաստը և նշել է, որ իր անձնակազմի անդամը հարձակման հետևանքով ստացել է վնասվածք և կոտրել ակնոցը: