ՄԽ-ում փորձել են հասնել նրան, որ ապրիլի 24-ին ու Բաքվում կայանալիք խաղերին կողմերը չկրակեն. Ալ. Իսկանդարյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանացել է, որպեսզի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բուն միջոցառումների ու Բաքվում կայանալիք եվրոպական ամառային խաղերի ժամանակ շփման գծում կրակի իսպառ դադարեցում լինի, ինչում բանագնացները էական արդյունքների չեն հասել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ում լրագրողները հարցրել էին` արդյո՞ք Մինսկի խմբի Վիեննայում կայացած հանդիպումը որևէ կապ ունի ապրիլի 24-ի հետ:
«Դա նրանց աշխատանքն է հենց դրա համար էլ նշանակված են, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտությունը: Եվ տարօրինակ կլիներ, որ նրանք հանդիպեին` քննարկելու Մոցարտի երաժշտությունը կամ իռլանդական ժողովրդական պարերը: Ապրիլի 24 տարեթիվը սրան առնչությո՞ւն ունի, այո՛, ունի: Եվ որքանով ես եմ տեղյակ, փորձ է արվել հասնել զինադադարի`առ ժամանակ կրակի դադարեցման ապրիլի 24-ին և այն ժամանակահատվածի համար, երբ Ադրբեջանում կանցկացվեն համաեվրոպական խաղերը: Շշուկներ կան, որ այնքան էլ չի հաջողվել: Ակնհայտ է, որ էլի կփորձեն, կստացվի՞, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով երեկ Վիեննայում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ անցկացված բանակցություններին, գրել էր. «Լավ բանակցություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»:
Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Նա նշել էր, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել:
Ինչ վերաբերում է Ռիգայում մայիսին անցկացվելիք ԵՄ ԱլԳ գագաթնաժողովին, ապա ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի` փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա, թեև դա չի նշանակում, որ անպայման այն ստորագրվելու է:
«Կամրագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունը: Համաձայնագիրը չի կոչվի` Ասոցացման, բայց իր էությամբ կներկայացնի Ասոցացման համաձայնագիր` առանց տնտեսական մասի»,- ասաց նա։
Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ այս ուղղությամբ բավականին շատ տեխնիկական աշխատանք կա անելու և որ ամենակարևորն է`«կա նաև ռուսների հետ համաձայնեցման խնդիր, որը դեռ վատ չի ընթանում»:
Ամեն դեպքում, ինչ էլ լինի, Հայաստանը ԵՄ-ի հետ ունի հարաբերությունների բարձր նշաձող և ինչ էլ լինի, կյանքը շարունակվելու է:










