ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան կտեղադրվի

14:39 • 01.04.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 18-ին, ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում կներկայացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված հուշարձան:

 

Ինչպես նշում է pasadenanow.com-ը, հուշարձանի պաշտոնական ցուցադրումը կուղեկցվի Փասադենայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից երաժշտական կատարումներով, պոեզիայի ընթերցանությամբ ու մշակութային այլ ելույթներով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հուշարձանը ստեղծվել է 3 տարում` հայ համայնքի ջանքերով: Մասնավոր նվիրատվությունների շնորհիվ կառուցված հուշարձանի հեղինակն է Քեթրին Մենարդը:

 

Հուշարձանն իրենից ներկայացնում է 5 մ բարձրությամբ եռոտանի, որը նման է այն կառույցներին, որոնց միջոցով թուրքերը 100 տարի առաջ կախաղան էին բարձրացնում հայերին: Բացի այդ, այն խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու անկոտրում հույսը: