Կալիֆորնիան առաջին անգամ օրենսդրորեն սահմանափակել է ջրի օգտագործումը 25 տոկոսով

16:35 • 02.04.15

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը չորեքշաբթի նահանգում մեկ քառորդով ջրի օգտագործումը կրճատելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է interfax.ru-ն:

 

Դա նահանգի պատմության մեջ առաջին նման դեպքն է: Նոր պահանջները վերաբերում են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ ընկերություններին, սակայն ագարակատերերի համար բացառություն կարվի:

 

Բրաունը, մասնավորապես, պահանջել է նահանգի սահմաններում գտնվող 4,6 միլիոն քառակուսի մետր խոտածածկը փոխարինել երաշտադիմացկուն լանդշաֆտային բաղադրիչներով, որոնք ջուր չեն պահանջում: Սպառողներին զեղչ կտրամադրվի հին կենցաղային իրերը նորերի փոխարինելու դեպքում, եթե դրանք ջրի տնտեսման տեսանկյունից ավելի արդյունավետ լինեն:

 

Կալիֆորնիայում չորրորդ տարին անընդմեջ նորմայից քիչ տեղումներ են գրանցվում: Այս տարի նահանգում ռեկորդային քիչ ձյուն է տեղացել:

 

Մարտի վերջին նահանգապետը 1 միլիարդ դոլար է հատկացրել ջրամատակարարման ենթակառուցվածքի համար: