Ավելի քան 50 երկիր ցանկություն է հայտնել միանալ ԱՄՀ-ի չինական տարբերակին

12:45 • 02.04.15

Առնվազն 52 երկիր դիմում է ներկայացրել հիմնադրի իրավունքով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) միանալու համար, հայտնում է lenta.ru-ն:

 

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն 31 պետություն դրական պատասխան է ստացել որպես բանկի համահիմնադիրների թեկնածու: Մինչև ապրիլի 15-ը պետք է քննարկվեն ևս 20 երկրների փաստաթղթերը, որոնց թվում են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Թուրքիան, Ավստրալիան, Կորեայի Հանրապետությունը, Նիդեռլանդները, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան, Եգիպտոսը, Ղրղզստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան և Իսրայելը:

 

Այս նոր միջազգային ֆինանսական ինստիտուտին միանալու դիմում է ներկայացրել նաև Թայվանը: Ինչպես երեքշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Թայվանի դիմումը կքննարկվի «մեկ երկիր- երկու համակարգ» սկզբունքի կոնտեքստում:

 

Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված AIIB-ն հիմնադրվել է  2014 թվականին: Դրա նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը: Բանկի շտաբ-գրասենյակը, որը պետք է ձևավորվի 2015 թվականի վերջին, կգտնվի Պեկինում: Ավելի վաղ կարծիք է հայտնվել, որ AIIB-ն մրցակից կդառնա Միջազգային արժույթի հիմնադրամին և Համաշխարհային բանկին, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ն և Ճապոնիան: