ԼՂՀ հակամարտությունն առնվազն այս փուլում չափազանց քիչ հնարավորություն ունի լուծվելու կոմպրոմիսային դաշտում. քաղաքագետներ

20:38 • 02.04.15

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առնվազն այս փուլում չափազանց քիչ հնարավորություն ունի լուծվելու կոմպրոմիսային դաշտում. այսօր «Ռազմաքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Գարնանային թեժացո՞ւմ» թեմայով հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։

 


«Քանի որ ԼՂ կոնֆլիկտի լուծումն ու զիջումները հակասում է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի համար»,-ասաց նա:

 

Մինասյանի կարծիքով՝ հակամարտությունը չի հասնելու լայնամասշտաբ գործողությունների, քանի որ պահպանվում է և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական բալանսը, որը բազմաստիճան է:

 

«Խոսքը ոչ միայն տանկերի քանակի մասին է, թե մեկը շատ ունի, մյուսը քիչ, այլ նաև դաշնակցային հարաբերությունները՝ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՌԴ-ի հետ հարաբերությունները, մյուս կողմից էլ Արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները»,-ասաց նա և նշեց, թե Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, այս պահին ունի ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, նաև առանձին ՆԱՏՕ անդամ երկրների հետ, քան Ադրբեջանը։


Սերգեյ Մինասյանը հավելեց, թե Ադրբեջանի համար կարևոր են ներքաղաքական միտումները, ինչը վերջին ամիսներին ավելի լուրջ ու կարևոր է դարձել՝ հաշվի առնելով նավթի շուկայում տեղի ունեցող տատանումները, որը ոչ միայն ՌԴ-ի տնտեսությանն է հարված հասցնում, այլ նաև նավթի հաշվին ապրող Ադրբեջանին։


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է, որ սխալ է, երբ խոսելով Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, ընդգծում են, որ այն երկարատև կոնֆլիկտ է։


«Շատ հաճախ գրում են երկարատև կոնֆլիկտ, արդեն քսան տարուց ավելի կոնֆլիկտ…Այդ կոնֆլիկտը երկարատև կոնֆլիկտ չէ»,-ասաց նա և երկարատև կոնֆլիկտ համարեց Քաշմիրի և Կիպրոսի հակամարտությունը 1948 թ-ից, Իսրայել-Պաղեստինը՝ 1882թ-ից, երբ Իսրայել պետություն էլ դեռ չկար, Արևմտյան Սահարան, արդեն մոտ 70 տարի, Իռլանդիան՝ դեռ 17-րդ դարից և այլն։


«Չգիտեմ նման որևէ կոնֆլիկտ, որ լուծվել է կոմպրոմիսով: Եթե այդպիսի կոնֆլիկտների դեպքում պետություններ կան, իրենց կարգով, մենեջմենթով, ավանդույթներով, հեշտ չէ այդպիսի կոնֆլիկտներ լուծել»,-ասաց նա:   


Անդրադառնալով շփման գծի լարված իրավիճակին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ դժվար թե մոտ ժամանակներում հնարավոր լինի շփման գծում դադարեցնել կրակոցները. «Դա ցավոք կշարունակվի, և միայն ռազմական գործիքներով կանգնեցնել հնարավոր չէ»։