McDonald’s-ը համաձայնել է բարձրացնել ԱՄՆ-ում 90.000 աշխատակիցների աշխատավարձը
McDonald’s ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ում բարձրացնել մոտ 90 հազար աշխատակիցների աշխատավարձը` անձնակազմի բողոքների և ցածր վաճառքի ֆոնին, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել են արագ սննդի ռեստորանների ցանցից, աշխատավարձերի բարձրացումը կսկսվի հուլիսի 1-ից: Ընկերությունում սպասում են, որ McDonald’s-ում միջին աշխատավարձը 2016 թվականի վերջին կգերազանցի 1 ժամի դիմաց 10 դոլարը:
Ֆաստֆուդ-ռեստորանների աշխատակիցների Fight For $15 կազմակերպությունը, որը պահանջում է ցանցից բարձրացնել աշխատավարձերը մինչև 1 ժամի համար 15 դոլար, McDonald’s-ում աշխատավարձերի բարձրացումն անբավարար է նշել: «Դա թույլ քայլ է ընկերության համար, որն անցած տարի 5,6 միլիարդ դոլար է աշխատել»,- հայտարարել է McDonald’s-ի աշխատակից Կվանզա Բրուքսը:
Fight For $15 կազմակերպությունն այսօր բողոքի ակցիաներ է նախապատրաստում McDonald’s-ի ռեստորանների մոտ, քանի որ աշխատավարձերի բարձրացումը բավականաչափ չի համարում, նաև նշվում է, որ այդ միջոցը կանդրադառնա ընկերության աշխատակիցների միայն 5 տոկոսին:










