Թուրքիայում 4 թերթի մեղադրում են ահաբեկչության քարոզչությունն անելու համար
Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչությունը թուրքական «Հուրրիյեթ», «Ջումհուրիյեթ», «Փոսթա» և «Բուգյուն» թերթերի դեմ քննություն է սկսել՝ ահաբեկչական խմբավորումների քարոզչությունն անելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Ստամբուլի արդարադատության պալատում իրականացված ահաբեկչական հարձակման վերաբերյալ այս թերթերը քարոզչական նյութեր են տարածել՝ հրապարակելով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու լուսանկարները։
Գործողության ընթացքում սպանված Մեհմեթ Սելիմ Քիրազի հուղարկավորությունը լուսաբանելու համար մի շարք լրատվամիջոցների մուտքն արգելվել է։
6 թերթի, 5 հեռուստաընկերության և 2 լրատվական գործակալության թույլ չեն տվել մուտք գործել միջոցառման իրականացման վայր։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նրանց գործունեությունն «անամոթ» էր որակել ու նշել էր, որ լուսաբանման արգելքն անձամբ ինքն է սահմանել և պատրաստ է լսել ցանկացած քննադատություն։










